«Ազոտային թթուն ուզում էին լցնել Տարոն Մարգարյանի վրա, սա հարձակում էր քաղաքապետ վրա».Նաիրա Նահապետյան (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական, դերասան Գոռ Վարդանյանը պնդում է, որ այսօրվա Երևանի ավագանու նիստի ընթացքում բռնի ուժ չի կիրառվել «Երկիր ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանի վրա: Լրագրողների հարցին, ինչու է օգնել ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամներին բռնի ուժով Մարինա Խաչատրյանին դուրս հանել նիստերի դահլիճից, Գոռ Վարդանյանը պատասխանեց:
«Այստեղ ուժ չի կիրառվել, ավագանու մի քանի անդամները ոչ ճիշտ պահելաձև են դրսևորել, նյութերը, ինչ որ կար իրանց ձեռքում, բավականին տհաճ հոտ էր, շատերը կան դահլիճում, սրտխառնոց ունեն հիմա: Ես ուժ չեմ կիրառել, պարզապես օգնել եմ, որ մեկը դուրս գա դահլիճից, որ այս տհաճ երևույթը չլինի: Այս պարագայում իմ արած բոլոր քայլերը և այն մարդկանց, ովքեր որ միջնորդել են, ճիշտ են եղել»,-ասաց նա:
Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանն էլ «Երկիր ծիրանիի» այս քայլը որակեց որպես հարձակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա. «Ինպե՞ս կգնահատեք, եթե էդ կիսլատան լցվեր իմ երեսին, ես ընդհանրապես նորմալ չեմ գնահատում, որովհետև աննորմալ մարդիկ եկել են դահլիճ և խանգարում են մեր աշխատանքը: Ես տեսա, որ էդ ազոտային թթուն ուզում էին լցնել Տարոն Մարգարյանի վրա, դա նորմալ եք գնահատո՞ւմ դուք, ինքը շփեց, ուղղակի չհասավ, սա հարձակում էր Տարոն Մարգարյանի վրա»: