Որևէ օդանավ վերալիցքավորման նպատակով հարկադիր վայրէջք չի իրականացրել. Քաղավիացիայի վարչության խոսնակ
Վառելիքի պակասի պատճառով Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի հարկադիր վայրէջքի մասին տեղեկատվությունը սխալ է: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։
«Որևէ օդանավ վերալիցքավորման նպատակով հարկադիր վայրէջք չի իրականացրել, դա չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը։
Ավելի վաղ rusarminfo.ru-ն, հղում անելով РЕН ТВ հեռուստաալիքին, գրել էր, որ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ուղևորատար Airbus A321-ը օդում վառելիքի պակասի խնդիր է ունեցել:
«Օդանավի հրամանատարը տվել է «Pan-Pan» ահազանգը, որը խորհրդանշում է վթարային իրավիճակի առաջացում, որի ժամանակ, սակայն, ինքնաթիռին ու դրա ուղևորների կյանքին ոչինչ չի սպառնում և անհապաղ օգնություն չի պահանջվում», - նշել է աղբյուրը:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ ուղևորատար ինքնաթիռին արտակարգ վայրէջքի հնարավորություն է տրամադրվել: Աղբյուրը չէր մանրամասնել՝ որ օդանավակայանում է ինքնաթիռը վայրէջք կատարել: