«Պարո՛ն Մարգարյան, մի խլացրեք ինտերնետ կապը». լրագրողները պահանջել են չխոչընդոտել իրենց աշխատանքին
Երևանի օրհներգով մեկնարկեց Երևանի ավագանու 2018 թվականի առաջին նիստը: Մինչ նիստի օրակարգին անցնելը «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը լրագրողների խնդրանքը փոխանցեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պահանջելով ինտերնետ կապը չխլացնել և դրանով չխոչընդոտել լրագրողների աշխատանքը:
«Պարո՛ն Մարգարյան, տեխնիկական խնդիր կա, լրագրողները հարց են բարձրացրել խլացուցիչների հետ կապված, ինչի պատճառով իրենց աշխատանքը խոչընդոտվում է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացավ հարցին անպայման լուծում տալ: «Շատ լավ, անպայման հաշվի կառնենք. մեր մասնագետները լսեցին, կփորձենք կարգավորել հարցը»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Նշենք, որ ավագանու նիստի մեկնարկից հետո ինտերնետ կապն անհասանելի է դառնում լրագրողների համար:
Երևանի քաղաքի ավագանու նիստին օրակարգը հաստատելուց առաջ «Երկիր ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը վարման կարգով ձայն խնդրեց և հայտարարեց, թե օրակարգը, որ բերվել է նիստին, հանցավոր է:
Ըստ նրա` օրակարգում հարցեր կան, որոնք բուռն քննարկման առիթներ դարձան լայն շրջակաների մոտ, սակայն դրանք հաշվի չեն առնվել: «Հերթական հանցավոր օրակարգը Երևանի ավագանու նիստին է ներկայացվել»,- ասաց նա:
Օրակարգի երկրորդ հարցի քննարկմանը, երբ պետք է հաստատվեր հաշվիչ հանձնաժողովի կազմը, կրկին վարման կարգով խոսեց «Երկիր ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը, ով դժգոհեց, որ ավագանինեի ձայները հաշվվում են ոչ թե հաշվիչ համակարգով, այլ մեկ անձի կողմից:
«Մինչդեռ համակարգերը դարեր շարունակ գտնվում են այս շենքում , բայց չեն գործում, նորից ու նորից հոգնել ենք այս գեղջկական, գավառական նիստերից, չեք կարողանում լուծել, համապատասխան մարդկանց թող տեղը դնեն և միացնեն համակարգը»,-ասաց նա: