Բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորյալ ընկերությունների գործերը լավ չե՞ն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության կողմից պարբերաբար արտոնություններ ստացող «Սևանի իշխան», «Սևան ակվա» ընկերություններն այդպես էլ տեղ չեն գտել հազար խոշոր հարկատուների` անցած տարվա ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սևան ակվա» ընկերությունը հարկեր չի վճարել` ցույց տալով, թե վնասներով է աշխատում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի վնասվել էին ջրավազանների ցանցավանդակները, և եղած ձկները փախել են: Չի բացառվում, իհարկե, որ այս ամենը եղել է կազմակերպված, իսկ ձկները որոշ տարածք լողալուց հետո հայտնվել են ուրիշ ցանցում:
«Սևան ակվա»-ից թերթի հետ զրույցում չմեկնաբանեցին այս տեղեկությունները` ասելով, որ միայն գրավոր կարող են պատասխանել հարցերին: Հիշեցնենք, որ այս ընկերության թիկունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Սերժ Սարգսյանի խորհրդական Արամ Ղարիբյանի և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: