Նուբարաշեն համայնքի բնակիչները փակել էին քրեակատարողական տանող ճանապարhը, ոստիկանների հաջողվեց բացել այն (տեսանյութ)
Նուբարաշեն համայնքի բնակիչները փակել էին քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը: Հավաքված բնակիչները պնդում էին, որ մի քանի տարի է իրենց պահանջը մեկն է՝ պարզապես մաքուր օդ են ցանկանում:
«Մեր պահանջը մեկն է, որ այս կեղտաջրերը մաքրերն, ամեն մեկն իր կոյուղին սարքի: Ոչ մի պատկան մարմին չի արձագանքում, ինչ է Կարեն Կարապետյանն իր կաբինետում նստած մաքուր օդ է ուզում՝ կոնդիցիոներով, բա մենք մաքուր օդ չե՞նք ուզում»,- դժգոհեցին հավաքվածները:
Նուբարաշեն ՔԿՀ-ի հարակից տարածքում 5 բնակելի շենք կա, ըստ բնակիչների, մոտ 300 բնակիչ է ապրում: Նուբարաշենցիները շեշտեցին, որ այս խնդիրը նոր չէ, իրենք մի քանի տարի է տարբեր կերպ հարցը բարձրացնում են:
«Կոյուղին փչացել ա, այլ տեղով են տարել: Ում դիմում ենք՝ ասում են վեր է մեր ուժերից, դիմեք քրեակատարողական: Քրեակատարողական էլ ասում է, որ ինքը բյուջե չունի:
Արդեն մի քանի տարի է ինչ այս վիճակն է, նույնիսկ պատուհանը փակ է հոտը տուն լցվում»:
Բնակիչները սարսափով են պատկերացնում ամառը՝ նկատելով, որ եթե ցուրտ եղանակին է հոտն այսքան ուժեղ, ապա ամռանն ավելի սարսափելի է լինելու:
Ի վերջո, գարշահոտության դեմ պայքարող ցուցարարներին մոտեցան ՃՕ աշխատակիցները, որոնք բնակիչներին խնդրեցին բացել ճանապարհը, քանի որ դատապարտյալներ են տեղափոխվում: Ոստիկաններին հաջողվեց բնակիչներին համոզել ու ճանապարհ բացել, քանի որ շեշտեցին, թե համապատասխան մարմիներն արդեն իսկ տեղյակ են խնդիրներին և կփորձեն լուծում տալ: Սակայն խնդրի կարգավորման համար հստակ ժամկետներ չնշվեց: