Գյումրիում ջարդել ու թալանել են ռուս զինվորականի ավտոմեքենան (լուսանկարներ)
Այսօր Գյումրու Սեևերսկի կոչվող թաղամասում դեռևս անհայտ անձը կամ անձինք ջարդուփշուր են արել ռուսական հանրակացարանի դիմաց կայանված ավտոմեքենան: Կոտրել են ապակիները: Ըստ տարածքի բնակիչների, նաև թալանել են մեքենայի սրահում եղած գույքը:
Ավտոմեքենան, ըստ բնակիչների, պատկանում է հանրակացարանում ապրող մի ռուս զինվորականի, ով մեքենան մշտապես բակում է կայանում:
Ոստիկանների կողմից տարածքում իրականացվել են համապատախան աշխատանքներ: Իրավապահները զննել են նաև տարածքի միջին տարիքի, ինչպես նաև դեռահաս և երիտասարդ տղաներին, քանի որ կոտրված ապակիների վրա արյան հետքեր են հայտնաբերվել:
Armtimes.com-ի հետ զրույցում ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը նշեց, որ օրենքով սահմանված կարգով իրականացվել են գործողություններ, տարածքի, ինչպես նաև մեքենայի զննում: Դեպքով նախապատրաստվում են նյութեր: