Սամվել Ալեքսանյանը կհրավիրվի դպրոց՝ բիզնես-ծրագրով դասավանդելու
Հայաստանի կառավարությունն, ինչպես հայտնի է, որոշել է դպրոցականներից ապագա բիզնեսմեններ կերտել: Այդ նպատակի համար այս տարվա սեպտեմբերից սկսած բազմաթիվ հիմնական դպրոցներում ներդրվեց ձեռնարկատիրական կրթության փորձնական ծրագիր:
Այսօրվա դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, 1274 դպրոցների մեկական 2-րդ և 3-րդ դասարաններում «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը ներառում է ձեռնարկատիրական տարրեր: Խոսքն, ընդհանուր առմամբ, 62 հազար 900 աշակերտի մասին է: Ծրագիրն իրականացվում է «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում:
Ինչպես հայտնում է Armtimes.com-ը, ի սկզբանե, երբ ձեռնարկատիրական կրթության ծրագիրը նոր էր ներդրվում, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնավորապես հայտարարել էր. «Եթե ծրագիրը հաջողի, դպրոցներում կունենանք բիզնես մտածողություն և սոցիալական պատասխանատվություն կրող աշակերտներ»:
Երեկ, երբ նախարարն այցելել էր Կոտայքի մարզի Արգել համայնքի դպրոցում կազմակերպված «Տեխնոլոգիայի» բաց դասին, երկրորդ դասարանցի փոքրիկների մոտ սոցիալական պատասխանատվության բաղադրիչը արտահայտված չէր: Առայժմ նրանք սովորել էին տարբերել ստեղծած բարիքը ծառայությունից, քննարկեցին ձեռներեցին բնորոշ հատկանիշները, ներկայացվեց, որ Ամանորին ընդառաջ երեխաները պատրաստել են տոնին հատուկ տարբեր առարկաներ, իհարկե, ուսուցչի և ծնողների օգնությամբ, և տոնավաճառ կազմակերպել՝ 8 հազար դրամի հասույթ ստանալով:
Ի դեպ, ձեռնարկատիրական կրթության ծրագրի թեմայով արդեն կարելի է կատակներ լսել, թե հնարավո՞ր է դպրոցներում բիզնես ծրագրով դասավանդելու համար հրավիրվի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Մանավանդ որ նա վերջերս պատրաստակամություն էր հայտնել ցանկացողների համար բիզնես-դասեր կազմակերպել: Երբ այդ հարցը փոխանցեցինք նախարարին, նա ինքն էլ նույն ոճով պատասխանեց. «Անպայման կհրավիրենք: Սիրով: Ընդ որում՝ ավագ դպրոցում»:
Մանրամասները՝ այստեղ: