Ռուբեն Հայրապետյանը պարզաբանել է բանակից փախած հայ ֆուտբոլիստի խոսքերը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարզաբանել է պարտադիր ժամկետային զինծառայությունից խուսափող հայ ֆուտբոլիստի խոսքերը:
Ինչպես արդեն հայտնել ենք, «Փյունիկի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող Հովիկ Ներսիսյանը, որն այժմ հանդես է գալիս անգլիական «Վիթչրչ Էլփորթ» ակումբում, քաղաքական ապաստան է խնդրել և հայտարարել, որ չի ուզում վտանգել իր կյանքը ու ծառայել հայկական բանակում: Հայրապետյանը նշել է, որ նա ժամանակին սպորտային վաշտում ծառայելու հնարավորություն է ունեցել, սակայն ծնողները նրան դուրս են բերել երկրից:
«Հովիկ Ներսեսյանը մինչև 2015 թ. եղել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի անդամ, ընդգրկվել է Հայաստանի պատանեկան, ապա երիտասարդական հավաքականներում: 2015 թ. ձմեռային զորակոչից առաջ ՀՖՖ-ն ՀՀ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարություն, համաձայն ընդունված կարգի՝ այդ ֆուտբոլիստները իրենց ծառայությունը պետք է անցկացնեին սպորտային վաշտում, որը գտնվում է Ադրբեջանի հետ հակամարտության սահմաններից շատ հեռու՝ Երևանում:
Ցուցակում ընդգրկված է եղել նաև Հովիկ Ներսեսյանը: Սակայն վերջինս հրաժարվել է ծառայել անգամ սպորտային վաշտում: 2015 թ. աշնանը Հովիկ Ներսեսյանը ծնողների միջոցով՝ հիվանդության պատրվակով տարկետման իրավունք է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից և 2016 թ. մեկնել է Անգլիա, որից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ակումբը ոչ մի կապ կամ տեղեկություններ չեն ունեցել նրանից:
Հիմա այդ երիտասարդը քաղաքական ապաստան է խնդրել այլ երկրից. կարծում եմ նրա միակ նպատակը Հայաստանից փախչելն է: Սա դասալքության վառ օրինակ է և ոչ մի կապ չունի նրա կողմից հնչեցրած պատճառների հետ»,- Հայրապետյանի խոսքերն է փոխանցում ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ներսիսյանին Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան տալու համար նրա ակումբը ստորագրահավաք է սկսել: