Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ ավիաչվեթերի շաբաթական քանակը կավելացվի
Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ ավիաչվեթերի շաբաթական քանակը կավելացվի: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովի հանդիպման ժամանակ:
Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր՝ ընդգծելով, որ այս ոլորտում առկա է չիրացված մեծ ներուժ: Վարչապետ Կարապետյանն ու դեսպան Մաշալովն անդրադարձ են կատարել երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և համոզմունք հայտնել, որ դրանց իրականացումը նոր թափ կհաղորդի երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Հանդիպմանը մեծապես կարևորվել է Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ ավիաչվեթերի իրականացումը: Մուհամետնիյազ Մաշալովը տեղեկացրել է, որ այժմ քննարկվում է դրանց շաբաթական քանակն ավելացնելու հնարավորությունը: Այդ համատեքստում վարչապետն առաջարկել է թուրքմենական կողմին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը դիտարկել նաև այլ ուղղություններով չվերթեր կազմակերպելու հնարավորությունը: