«Աշտարակ կաթը» գումարներ է շորթում տնտեսվարողներից. Արթուր Աթոյան
«Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն փորձում է գումար շորթել 240 մանրածախ տնտեսվարողներից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը։
Նրա խոսքով, «Աշտարակ կաթ»-ում գործում է հանցավոր խումբ. մանրածախ տնտեսվարողները մինչև 2016 թվականը ապրանքներ են ստացել առաքիչներից, վճարել դրա դիմաց։ Առաքիչները հաջորդ այցերին տնտեսվարողներին տվել են գումարների անդորրագրերը, նոր ապրանք տվել, գանձել կանխիկ գումարը։
Նրա խոսքով, մանրածախ առևտրականները երբեք պարտք չեն ունեցել ընկերությանը, սակայն, նրանց դատի են տվել առանց նախազգուշացման։
«Վճարման անդորրագիրը գիտակցաբար՝ խարդախության նպատակով կամ շորթման նպատակով պահել են և գումար են պահանջում տնտեսվարողներից»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք դիմել են իրավապահներին ապօրինությունը բացահայտելու խնդրանքով։
Ասուլիսին ներկա երկու տնտեսվարողներ՝ Էդուարդ Կոշտոյանը և Լուսյա Հարությունյանը նշել են, թե խոսքը մեծ գումարների մասին է՝ որոշ դեպքերում մինչև 5 մլն դրամի։ Կոշտոյանից, օրինակ, 2 մլն դրամ են պահանջել, իսկ Լուսյա Հարությունյանից՝ 43 հազար դրամ։ Հայցերը ներկայացվել են 240 տնտեսվարողների դեմ։