Ամենամեծ նորագոյացությունը. կնոջ ձվարանից հեռացրել են 34կգ-անոց չարորակ ուռուցքը (լուսանկար 18+)
Կոստա Ռիկայի 57-ամյա բնակչուհի Սոնյե Լոպեզի ուռուցքը հեռացրել են: Այն մեկուկես մետր շրջագիծ է ունեցել և կշռել է 34 կիլոգրամ: Ուռուցքը զարգացել է ձվարանում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
«Սա ամենամեծ ուռուցքն է‚ որին մենք հանդիպել ենք տարածաշրջանում: Գինեսի ռեկորդների գրքում է գրանցված 30 կիլոգրամանոց նորագոյացություն‚ իսկ այս ուռուցքը կշռում է 34 կիլոգրամ»‚- պատմել է վիրաբույժ Պաբլո Սիբայան‚ ով վիրահատել է Լոպեզին:
Ինչպես հաղորդվում է‚ նորագոյացությունն այդպիսի մեծ չափերի է հասել 8 տարվա ընթացքում: Այդ ողջ ընթացքում կինն իմացել է հիվանդության մասին‚ սակայն անհրաժեշտ վիրահատությունը ձգձգել է «անձնական պատճառներով»:
Վիրահատությունն արել են հունվարի 29-ին: Լոպեզին վիրահատել են միաժամանակ հինգ վիրաբույժներ:
Չարորակ նորագոյացությունը կազմել է հիվանդի ընդհանուր քաշի 27 տոկոսը:
«Մինչ վիրահատությունը ես ինձ հոգնած էի զգում: Այն‚ թե ինչպես եմ հիմա ես ինձ զգում‚ և ինչպես էի զգում մինչև վիրահատությունը‚ այնքան հեռու են իրարից‚ ինչպես Արևը Երկրից: Ես կարծես նորից եմ ծնվել»‚- պատմել է կինը:
Այժմ կինն իրեն լավ է զգում‚ թեթևությամբ և արագորեն վերականգնվում է վիրահատությունից հետո: