Հայաստանի «ամենատխուր» արջուկը կոտրել է բրիտանացի բնապահպանների սրտերը (տեսանյութ)
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող International Animal Rescue բրիտանական կազմակերպության անդամները փրկել են Հայաստանի «ամենատխուր» արջուկին և YouTube-ում տեսանյութ հրապարակել այդ մասին: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն:
«Բոլոր արջերից, որոնց մենք փրկել ենք Հայաստանում, Փիթերն ամենատխուրն է: Մենք գտանք մութ պահեստի անկյունում թաքցված արջուկին. նա նայում էր մեզ թախծոտ հայացքով, որը կոտրեց մեր սրտերը՝ իր պստլիկ վանդակի կեղտոտ գետնին կուչ եկած», - ասվում է կազմակերպության կայքում:
Կենդանիների պաշտպանների խոսքով՝ վանդակը կեղտոտ ու ժանգոտված էր և, ենթադրաբար, ոչ ոք չէր խնամում կենդանուն:
Չնայած այս վատթար պայմաններին՝ արջն ագրեսիա չի դրսևորել իրեն փրկողների հանդեպ և հանգիստ է պահել իրեն:
«Այժմ չափազանց վաղ է հասկանալու համար, թե ինչ հոգեկան ու ֆիզիկական վնասներ է ստացել Փիթերը՝ վայրի բնությունից պոկվելուց ու վանդակում փակվելուց հետո: Սակայն այժմ նա ապահով ձեռքերում է. նրա մասին հոգ են տանում մեր անասնաբույժները և խնամակալները, որոնք հետևում են նրա վիճակին», - նշել են կազմակերպության անդամները:
Կենդանիների պաշտպանները դրամահավաք են կազմակերպել՝ Փիթերի ապագա խնամքն ապահովելու համար: