Ծառայակցի կողմից սպանված զինվորի ծնողների բողոքը ուղարկվել է Վերաքննիչ դատարան
Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել 2016թ. մարտին ծառայակցի կողմից սպանված զինծառայող Հովհաննես Հարությունյանի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքը: Սպանված զինծառաողի ծնողները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալ Միքայել Զաքարյանի նկատմամբ մեղմ դատավճիռ է կայացրել՝ ընդամենը 10 տարվա ազատազրկման դատապարտելով: Նրանք Վերաքննիչ քրեական դատարանից պահանջում են Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսվող ամենախիստ պատիժը:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Միքայել Զաքարյանը ինքնաձիգով հանկարծակի դիտավորությամբ մեկ անգամ կրակել է համածառայակից Հովհաննես Հարությունյանի վրա: Բացի դրանից, վիճաբանության մեջ է մտել շարքային Սամվել Զեյնալյանի հետ, և բռունցքով մեկ անգամ հարվածել նրան: Սամվել Զեյնալյանը նույնպես բռնություն է գործադրել նրա նկատմամբ:
Միքայել Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 359-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Զեյնալյանին` 359-րդ հոդվածի 1-ին մասով:
Միքայել Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Նրա փաստաբանը՝ Էրիկ Բեգլարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Հովհաննեսը Միքայելի ինքնաձիգը կատակով փորձել է վերցնել և հենց այդ ժամանակ էլ արձակվել է մահացու կրակոցը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը զոհվել էր 2016թ. մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: