Չեմ կարծում, որ մեքենա հրելով կարագի գինը իջնում է. Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ նիատի ընթացքում քննարկվել են Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա, ներքաղաքական հարցեր:
«Նախագաների հանդիպումը վերահաստատեց հայ-ֆրանսիական բարեկամությունը, մենք բոլոր տարբերակներով շարունակելու ենք հայ-ֆրանսիական բարեկամությունը: Հոկտեմբերին կայանալու են Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումները, որի շրջանակներում Հայաստան են գալու տարբեր երկրների ներկայացուցիչներ»,- ասաց Շարմազանովը:
Վերջինս անդրադառնալով եվրոպական օրակարգին նշեց, որ զգալի տարբերություն կա եվրոպացիների 3 տարի առաջվա եւ ներկայիս կարծիքի միջեւ՝ հայերի նկատմամբ:
«Քննարկել ենք նաեւ գնաճի հետ կապված լսումները: Գյուղնախարարն առավոտյան ասաց, որ սուբսիդավորում կա, որը շատ դրական է: Այսօր ներկայացվել է նաեւ նախագիծ, որով տրանսպոտի դրույքաչափը կիջնի, որ ասում են, թե լսումների օգուտը որն է, սա է՝ մենք ունենք դրական տեղաշարժ երկու օր անց»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Հարցին, թե ի՞նչ դրական տեղաշարժեր կան, այն դեպքում, երբ այսօր առավոտյան բենզին սպառողները ահազանգեցին, որ բենզինը 10 դրամով թանկացել է, Շարմազանովը նշեց, որ Հայաստանը չի կարող ազդել միջազգային շուկայում գործող գների քաղաքականության վրա:
«Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ, որտեղ շատ մասնագետներ արել են առողջ առաջարկներ: Մենք պատրաստ ենք միշտ էլ քննարկումներ ծավալել, ես չեմ կարծում, որ մեքենա հրելով կարագի գինը իջնում է»,- ասաց նա: