Իշխան Բարսեղյանը գլխուղեղի կաթված է տարել. պաշտպան
Կաշառք վերցնելու գործով կալանավորված նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը գլխուղեղի կաթված է տարել: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, դատական նիստի ժամանակ հայտարարել է Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Նա նշեց, որ այսօր Իշխան Բարսեղյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է տեղափոխվել արյան բարձր ճնշմամբ՝ 200/110, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նախկին դատավորը գլխուղեղի կաթված է տարել, որը յուրաքանչյուր պահի հնարավոր է՝ կրկնվի:
Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Կաշառք տալու պահը տեսագրվել է և տարածվել: