Այսօրվանից Երևանում գործելու է մեկ ընդհանուր դատարան. վարչական շրջանների դատարանները լուծարվում են
Այսուհետ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան այլևս գոյություն չունի, այն կոչվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նսատավայր։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, դատարանում հայտարարեց դատավոր Արտուշ Գաբրելյանը։
Նա նշեց, որ այսուհետ լինելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և 1 դատարանի նախագահ և բոլոր դատավորները գործելու են այդ դատարանի իրավասության ներքո։
Նշենք, որ Կառավարության կողմից նախաձեռնած և Ազգային ժողովում մինչև տարեվերջ հաստատված դատական համակարգին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունն այսօրվանից մտնում է ուժի մեջ, ինչը ենթադրում է, որ Երևանի համայնքային դատարանները լուծարվելու են և ստեղծվելու է մեկ ընդհանուր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարան։
Սպասվում է, որ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների նախագահների ու դատավորների լիազորությունները նախագահի հրամանագրով պետք է դադարեցվեն։
Այս փոփոխությունը կատարելու դրդապատճառը տարբեր վարչական շրջաններում ընդհանուր իրավասության դատարանների դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածությունն է: