Արմեն Սարգսյանը վերադարձել է Մեծ Բրիտանիա. նա Սերժ Սարգսյանի առաջարկի մասին այնտեղ «կմտածի»
Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հունվարի 21-ին վերադարձել է Մեծ Բրիտանիա։ Արմեն Սարգսյանը օդանավակայանում հանդիպել է Ստրասբուրգ մեկնող պատգամավորների խմբին, սակայն իր առաջադրվելու վերաբերյալ ոչինչ չի խոսել։
Ազգային ժողովի խմբակցությունների հետ նրա հանդիպումը նախատեսվում է փետրվարի սկզբին։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը ժամանակ էր խնդրել վերջնական որոշում ընդունելու համար։ Սերժ Սարգսյանը ցանկություն էր հայտնել, որ ՀՀ 4–րդ նախագահը ընտրվի խորհրդարանական լայն համաձայնությամբ և այդ կապակցությամբ առաջարկել նրան «մտորումների ժամանակ» հանդիպել խորհրդարանական ուժերին։ ինչպես տեսնում ենք մտորումների փուլը թեկնածուն անցկացնելու է Անգլիայում։
Սերժ Սարգսյանը ցանկություն էր հայտնել նաև, որ ԱԺ–ում ընտրությունը տեղի ունենա մեկ փուլով։