ԱՄՆ-ի 5 նպատակները Սիրիայում՝ ըստ պետքարտուղար Թիլերսոնի
Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանում օրերս ունեցած ելույթում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առանձնացրել է Սիրիայում Վաշինգթոնի հետապնդած 5 նպատակները, որոնք են՝
1. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամբողջական ջախջախումը:
2. Սիրիական հիմնախնդրի կարգավորումը ՄԱԿ-ի հովանու ներքո՝ Ժնևյան գործընթացի շրջանակներում:
3. Իրանի ազդեցության թուլացումը:
4. Փախստականների ինքնակամ վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
5. Զանգվածային ոչնչացման զենքից երկրի ազատումը:
Ըստ պետքարտուղարի՝ Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ի ազգային շահերից բխող վերոնշյալ նպատակներին հասնելու համար գործադրում է համապատասխան դիվանագիտական և ռազմական միջոցներ՝ Սիրիայի տարածքում ամերիկյան դիվանագիտական և ռազմական ներկայության ապահովումը հռչակելով որպես գերակա անհրաժեշտություն:
Դիտարկելով ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետի առանձնացրած նպատակները՝ կարելի է հավաստել, որ դրանցից յուրաքանչյուրի ուղղությամբ լուրջ անելիք և տևական ժամանակ է անհրաժեշտ: Ընդ որում՝ համեմատական տեսանկյունից առավել առաջընթաց կա միայն առաջին և հինգերորդ ուղղություններում, իսկ մյուս երեքի մասով իրավիճակը փակուղային է: Ավելին՝ բուն Սիրիայի ներսում առկա իրողությունները, նաև հակամարտության այլ արտաքին դերակատարների ներգրավմամբ, որոնցից ամենաառարկայականն Աստանայի ձևաչափի շրջանակներում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ գործընթացներն են, որևէ կերպ չեն բխում ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների շահերից:
Արմեն Պետրոսյան. Ֆեյսբուք: