Սերժ Սարգսյանը տվեց նոր նախագահի թեկնածուի անունը. նա նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր՝ հունվարի 19-ին, Նախագահի նստավայրում ընդունել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին և առաջարկել է նրան դառնալ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մտավորականների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նշել էր, որ ապագա նախագահը պետք է լինի անկողմնակալ մարդ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել, հեղինակություն է վայելում երկրում և դրա սահմաններից դուրս:
Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականին: Հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության, Համահայկական ակադեմիական և գիտական ընկերության պատվավոր անդամ է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։
1992-1996 թթ. եղել է ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, 1993-1994 թթ.՝ ՀՀ գլխավոր դեսպան Եվրոպայում, ՀՀ դեսպան Եվրամիությունում: 1995-1996 թթ.՝ ՀՀ դեսպան Բելգիայում, Նիդերլանդներում, Վատիկանում, Լյուքսեմբուրգում:
1996 թվականից մինչև 1997 թ-ի փետրվար եղել է ՀՀ վարչապետ, 1998-2000 թվականներին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում:
2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով կրկին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Արեմն Սարգսյանը «Knightsbridge Group» ընկերության հիմնադիրն է, որը բաղկացած է արդյունաբերության տարբեր ճյուղերում գործող ավելի քան 15 ընկերություններից, որոնք ներգրավված են Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի և Ղազախստանի նախագծերում:
Բացի այդ, նրա հիմնադրած «Highbury Grup»-ի կազմում գործող «Ленинград» կորպորացիան Ռուսաստանի հյուսիսարևելյան շրջանում էլեկտրաէներգետիկ և ինժեներական խոշոր ծրագրեր իրականացնող «Энергопроект» ընկերության բաժնետերն է: