Թունաքիմիկատները 20%-ով կթանկանան
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գարնանը թունաքիմիկատների շուկայում թանկացումներ են սպասվում: Այս ոլորտում 15-20% գնաճ կլինի: «Փաստ»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ագրոքիմիկատներ ներմուծող «Արտագրո» ընկերության տնօրեն Արթուր Կտրակյանը:
Հայաստան ներկրվող քիմիկատների հիմնական մասը բերվում է Չինաստանից, այնտեղ արդեն թանկացումներ են գրանցվել: Չինաստանում քիմիական նյութերի արտադրությունը մեծ մասշտաբների է հասնում, սա էլ իր հերթին հանգեցնում է այդ երկրում օդի չափազանց աղտոտման:
Բնապահպանական ռիսկերից խուսափելու նպատակով իշխանությունները նախորդ տարեվերջին խստացումներ են մտցրել թունաքիմիկատների արտադրության ոլորտում: Արդյունքում՝ ընկերությունների 50%–ը փակվել է, իսկ դրանց մյուս մասը վերազինման ու նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում հայտարարել է արտադրանքի թանկացման մասին:
«Մենք կռիվ ենք անում մատակարարի հետ, քանի որ 4 ամիս առաջ մի գին են ասել, հիմա մենք նորից գին ենք հարցնում, որ էլի ապրանք ներկրենք, ուրիշ գին են ասում՝ ավելի բարձր: Իրենք մեզ կայքեր են ուղարկում համոզելու համար, որ գնաճ է տեղի ունեցել»,– հայտնեց նա:
Թանկացումների մասին հերթական նորությունը զայրացրել է գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Նրանց պնդմամբ՝ դիզվառելիքի և թունաքիմիկատների թանկացման հետևանքով իրենք կդադարեն հող մշակել:
«Ամեն ինչն էլ թանկացրել են: Մենք չենք կարող այս գնաճի պայմաններում հող մշակել, որովհետև ձեռք չի տալիս: Թունաքիմիկատների գնի բարձրացումն ապրանքի ինքնարժեքի վրա կազդի»,– ասաց ֆերմեր Քաջիկ Հակոբյանը:
Թունաքիմիկատ ներմուծող ընկերության տնօրենը, սակայն, հավաստիացրեց՝ գնաճը մեղմելու համար ստիպված կլինեն իրենց եկամուտները պակասեցնել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում