ԴԱՀԿ աշխատակիցը քաղաքացուց բռնագանձած գումարը ժամանակին չի փոխանցել բանկին. Վնասը կազմել է 1 մլն դրամ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է քննվում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակցի կողմից չարաշահումներ կատարելու առերևույթ հանցագործության վերաբերյալ:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացի Վ. Պ.-ն դիմում է գրել այն մասին, որ 2013թ.-ի հունվարի 11-ին բանկի միջոցով համապատասխան ընկերությունից ապառիկ կարգով համակարգչային տեխնիկա է ձեռք է բերել, սակայն հետագայում չի կարողացել կատարել ամենամսյա վճարումները, որի հետևանքով ԴԱՀԿ ծառայության կողմից արգելանք է դրվել իր աշխատավարձի վրա և բռնագանձվել բանկին ունեցած պարտավորությունից 296.000 ՀՀ դրամը:
Սակայն որոշ ժամանակ անց Վ. Պ.-ն պարզել է, որ ԴԱՀԿ ծառայության Աբովյանի բաժանմունքի հարկադիր կատարողը չի կատարել իր ծառայողական պարտականությունները` բռնագանձած գումարը բանկին ժամանակին չի փոխանցել, որի հետևանքով կուտակված տույժ-տուգանքների հաշվին 2017թ.-ի օգոստոսին վարկառուի պարտավորությունը բանկի նկատմամբ կազմել է ավելի քան 1մլն ՀՀ դրամ, որով էական վնաս է պատճառվել վերջինիս:
ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայութունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որով կատարվում է նախաքննություն: