Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. «07»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել զինվորներ տեղափոխող Урал-ին. հայր ու որդի մահացել են, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Սիսիան-Շաքի ավտոճանապարհին բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 CO 601 համարանիշի և Урал մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով‚ վթարի հետևանքով «07»-ում գտնվող Արշակ Հովհաննիսյանն ու Մարտիկ Հովհաննիսյանը մահացել են, իսկ մյուս ուղևորը՝ էլմիրա Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարները։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ։
Փրկարարներն ու ոստիկանները «07»-ից դուրս են բերել մահացածներին և վիրավորին։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մարկոսյանի գլխավորությամբ։
Այս պահին վթարի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչները՝ մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցի, Սիսիանի քննչական բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Սիսիանի քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է «07»-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային մասով բախվել Урал-ին, իսկ Урал-ն էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, որով զինվորներ էին տեղափոխվում։
Բարեբախտաբար, զինվորները չեն տուժել, նրանք մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխվում են զորամաս։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի էին։