Վարչապետը ճանապարհաշինության ոլորտում նախաորակավորման ինստիտուտի ներդրման վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց
ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական ներկայացրեց ճանապարհաշինության ոլորտում նախաորակավորման ինստիտուտի ներդրման վերաբերյալ: «Ներկայումս այս ոլորտում գնումների գործընթացը առանց նախաորակավորման փուլի է լինում, ինչի արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության աշխատանքները խնդիրներ են առաջացնում»,-ասաց նա և նշեց, որ ռիսկը նվազագույնի հասնելու նպատակով գնումների գործընթացում այս ինստիտուտն է կիրառվում միջազգային փորձում:
Կարեն Կարապետյանը, հաշվի առնելով վերոնշյալը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին հանձնարարեց մեկ ամսում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել ճանապարհաշինության ու ճանապարհների հիմնանորոգման ոլորտում առաջարկներ, նաև ըստ անհրաժեշտության պետական գնումների այլ ոլորտներում համապատասխան գործընթացում նախաորակավորման ինստիտուտի ներդրման առաջարկներ:
«Այս մոտեցմանը հիմնականում դեմ է Ֆիննախը՝ ասելով, որ էժան լուծումները, հնարավոր է, որ բաց թողենք, բայց մենք ունենք փաստեր, երբ առանց նախաորակավորման տենդերը հաղթում է անհասկանալի կառույց, որը համապատասխան մոտեցում չունի: Պետք է այս երկու մոտեցումների մեջ լավագույն կետը գտնենք, և մյուս կողմից հասկանանք, թե ում հետ ենք գործ բռնում ու ինչքանով ենք այդ մարդու աշխատանքներից լուծումներ ակնկալում»,-ասաց նա: