Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում ելույթ կունենա հունվարի 24-ին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին (հունվարի 22-26) և ելույթով հանդես կգա հունվարի 24-ին, հաղորդում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բացի Սերժ Սարգսյանից, ԵԽԽՎ-ի նստաշրջանում նախատեսված են նաև Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի, Դանիայի թագաժառանգ արքայադստեր ելույթները:
Այս նստաշրջանում Վեհաժողովը նաև պետք է ընտրի իր նախագահին և Մարդու իրավունքների նոր հանձնակատարին:
ԵԽԽՎ նստաշրջանում անդրադարձ կկատարվի Ուկրաինայում պատերազմի հումանիտար բնույթի հետևանքներին, իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը և դրանում Եվրոպայի խորհրդի դերին, նաև Եվրոպայում հակասեմականության, իսլամատյացության և այլատյացության աճին: Կքննարկվի նաև իրավիճակը Էստոնիայում, Հունաստանում, Հունգարիայում և Իռլանդիայում:
Դանիայի ԱԳ նախարարը զեկույց կներկայացնի ԵԽ գործադիր մարմին հանդիսացող Նախարարների կոմիտեի աշխատանքի մասին, որտեղ այժմ նախագահում է, նա նաև կպատասխանի մասնակիցների հարցերին: ԵԽ գլխավոր քարտուղարը կներկայացնի իր տարեկան զեկույցը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կներկայացնի 2017 թվականի իր գործունեության արդյունքները:
ԵԽԽՎ-ն իր վերջնական օրակարգը կհստակեցնի նստաշրջանի բացման օրը: