50 մլն դրամից ավելի արժեքով անշարժ գույքի գործարքները պետք է անկանխիկ իրականացվեն. ԿԲ փոխնախագահ
50 մլն դրամը գերազանցող անշարժ գույքի գործարքի դեպքում, գերազանցող մասով նախատեսել անկանխիկ վճարում իրականացնելու պահանջ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշեց հիմնական զեկուցող ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:
Նա օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները բաժանեց երեք խմբի՝ նշելով. «Առաջին խմբով նախատեսվում է զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման հասկացությունը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքում զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինասնավորման հասկացության հանցակազմը ՄԱԿ-ի ԱԽ պահանջներին համապատասխանեցնելուն:
Երկրորդ խումբ խնդիրները վերաբերում են անշարժ գույքի կանխիկով իրացման սահմանափակումներին: Մասնավորապես, 50 մլն դրամը գերազանցող անշարժ գույքի գործարքի դեպքում, գերազանցող մասով նախատեսել անկանխիկ վճարում իրականացնելու պահանջ: Իսկ երրորդ խումբը վերաբերում են ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնին հաշվետվություն տրամադրող անձանց կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացմանը»:
Նրա խոսքով, Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկի գործարքներում կանխիկի օգտագործումը նվազեցնելու ուղղությամբ՝ նշելով դրա վերին շեմը, որը փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի գործընթացի պահանջն է:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի դիտարկմանը, որ այսօր անշարժ գույքի գործարքների մեծ մասը մինչև 50 մլն դրամի սահմաններում է, Վախթանգ Աբրահամյանն ասաց. «Այո, մենք հաշվարկներն արել ենք, սա տարածվելու է գործարքների ծավալի շուրջ 2 տոկոսի վրա»: