Վարորդները գործադուլը շարունակում են. Հենրիկ Նավասարդյանը փորձում է բանակցել նրանց հետ (տեսանյութ)
Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում շարունակվում է երթուղային տաքսիների վարորդների գործադուլը:
Քիչ առաջ Րաֆֆու փողոցը փակած վարորդների հետ հանդիպման եկավ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նա լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ վարորդներն ուղեվարձի թանկացում չեն պահանջում:
«Վարորդները բողոքում են գազի գնի բարձրացումից, սակայն, այդ հարցը քաղաքապետարանի ենթակայության տակ չէ: Ազգային ժողովն ու Տրանսպորտի նախարարությունը այդ թանկացումներով հիմա զբաղվում են, ինչքան որ ես տեղյակ չեմ»,- ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափը 1000 խմ-ի համար դարձել է 25 հազար դրամ, մինչդեռ նախկինում շուրջ 8000 դրամ էր: Երթուղայինների վարորդները բողոքում են, որ այս 15 օրերին իրենք աշխատել են վնասով, իսկ գծատերերն էլ հրաժարվում են «օրվա պլանի չափը» նվազեցնել:
Այսօր ցույցի են դուրս եկել 44, 42, 75Ա, 35 համարների երթուղայինների վարորդները:
Հենրիկ Նավասարդյանն այժմ բանակցում է ցուցարարների հետ: