Ոստիկանները փրկել են 2 քաղաքացու կյանք, ովքեր փորձում էին Կիևյան և Դավիթաշեն կամուրջներից ցած նետվել
Երեկ՝ հունվարի 14-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, քաղաքացիները նկատել են, որ Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն է անցել մի տղա, ով փորձում է ինքնասպան լինել։
Այդ մասին քաղաքացիները տեղեկացրել են նշված հատվածով անցնող ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ոստիկաններին, ովքեր էլ կարողացել են հոգեբանական զրույցի արդյունքում այդ տղային անցկացնել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին։
Փրկվածը Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 26-ամյա Վարդան Ղ.-ն է, ով պատճառաբանել է, որ փորձում էր ինքնասպան լինել անձնական խնդիրներ ունենալու պատճառով։
Իսկ այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 00։50-ի սահմաններում ՊՊԾ գնդի նույն վաշտի ոստիկանները Երևան քաղաքի բնակիչ Ռոման Նազարյանի օգնությամբ Դավիթաշենի կամրջի վրա կանխել են Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ՝ 44-ամյա Կարեն Ա.ի ինքնասպանության փորձը։
Այս դեպքում ոստիկաններն ու քաղաքացի Ռ. Նազարյանը իրենք են անցել կամրջի վտանգավոր եզրագիծը և Կարեն Ա.-ին դուրս են բերել անվտանգ վայր։
Այս փաստով նույնպես Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։