Հայրենիքից փախած դասալիքը, որպեսզի գոնե կարծիք հայտնի, պետք է նախ վերադառնա Հայաստան
Մի խավ կա, որ 90-ականներին՝ մութ, ցուրտ, պատերազմական տարիներին իրենց փողերը, արու զավակներին առան ու փախան եվրոպաներ:
Գնացին հանգիստ, ապահով ու լավ ապրելու, բիզնեսներ դրեցին՝ հարստացան, լավ զգացին, բարգավաճեցին ու սկսեցին արդեն ոգևորված՝ հաճախ ինքնամոռաց և նույնիսկ շատ ակտիվ միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, ուղղորդել հայաստանցիներին ու խելք սովորեցնել:
Հայաստանի մասին հիմնականում պատկերացում ունենալով 90-ականների իրենց պատկերացումներից, կարճատև այցելություններից և դեղնագույն մամուլից ու սոցցանցերի «դիվանագետների» գրառումներից, փորձում են մեզ սովորեցնել, խորհուրդ տալ, «թասիբի» գցել, որոշների ծռաշեղված մտքերին ուղղություն ցույց տալ և նույնիսկ պահանջել:
Մի խոսքով՝ դարձել են հայաստանցիների կամավոր «խորհրդականներն ու բարի կամեցողության կրողները»:
Օրերս էլ, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանն է «խորիմաստ» կարծիք ու գուշակություններ կատարել, իրեն պատկերացնելով՝ նաստրադամուսը: Այդ նորահայտ եվրոմարգարեի կարծիքով՝ եթե Ս. Սարգսյանն ապրիլին կայացնի վարչապետ դառնալու որոշում, ապա դա կլցնի ժողովրդի համբերության բաժակը: Այդ ճոռոմագույն և «տպավորիչ» անունով կազմակերպության նախագահը նաև հայտարարել է, որ Հայաստանում իրավիճակը պայթունավտանգ է և հղի վատ իրադարձություններով:
Այս դասալիքը, Հայրենիքից փախածը, որպեսզի գոնե կարծիք հայտնի, պետք է նախ վերադառնա Հայաստան ու նոր կարողանա իր «լուսավոր ու աննման» փորձը տարածել:
Այո՛, Հայաստանում ունենք լուրջ թերություններ ու բացթողումներ՝ կոռուպցիոն երևույթներ, կաշառակերության, օրենքի ոչ լիարժեք կիրառման, հովանավորչության, անարդարության դեպքեր, տնտեսական դժվարություններ, սակայն պետք չէ այդ ամենը շահարկել և ապստամբությունների կոչեր անել:
Մեզ անցնցում և հանդարտ, սակայն հետևողական ու արագ փոփոխություններ են պետք:
Ռոբերտ Մելքոնյան. Ֆեյսբուք