Տարեց կանանց սպանության մեջ մեղադրվող անչափահասին դատապարտել են 10 տարվա ազատազրկման
Վայոց Ձորում 2015թ.-ի հոկտեմբերին 2 տարեց կնոջ սպանության մեջ մեղադրվող Նարեկը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Նման դատավճիռ է կայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը:
Ի սկզբանե այս գործով կար երկու մեղադրյալ՝ անչափահասներ Նարեկն ու Սմբատը, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Նարեկը կատարվածում անհիմն է մեղադրել Սմբատին առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ՝ դրանց վերաբերյալ բազմիցս գրավոր հաղորդելով իր կողմից տրված ցուցմունքների արձանագրություններում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկը 2015թ. հոկտեմբերի 20-ին` ժամը 10:30-ից 13:00-ի սահմաններում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակով, սակայն ուրիշի գույքը հափշտակելու նախնական դիտավորությամբ գնացել է Եղեգնաձորում միայնակ բնակվող, 91-ամյա Վարդուշ Սիմոնյանի տուն և նրանից որոշակի վճարի դիմաց խնդրել է կատարել այգեգործական աշխատանք: Վարդուշ Սիմոնյանի առաջարկով մտել է առանձնատան խոհանոց, որտեղ նրա կրած ոսկյա ականջօղերը վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հափշտակելու նպատակով, բռնել է ուսի հատվածից, ուժգնությամբ քաշել, գցել է գետնին, գլուխը հարվածել բետոնյա հատակին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետև, Նարեկը Վարդուշ Սիմոնյանի ականջներից հանելով` հափշտակել է ոսկյա ականջօղերը և հեռացել` հետագայում դրանք 32 հազար դրամով վաճառել:
Բացի դրանից, Նարեկը մի քանի օր անց դարձյալ այգեգործական աշխատանքներ կատարելու պատրվակով, սակայն իրականում ուրիշի գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ, գնացել է Վերնաշենում բնակվող, 76-ամյա Գոհար Բարսեղյանին պատկանող հողամաս և նրանից որոշակի վճարի դիմաց խնդրել է կատարել այգեգործական աշխատանք, ինչին վերջինս համաձայնել է: Նրա առաջարկով բարձրացել է ծառը` խնձոր քաղելու, և վերևից նկատելով Գոհար Բարսեղյանի ոսկյա ականջօղերը` դրանք վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, իջել է ծառից, վերցրել խնձորենուն հենած բահը և որպես զենք օգտագործվող այդ առարկայի մետաղյա հատվածով թիկունքից ուժգին հարվածել է Գոհար Բարսեղյանին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: Այնուհետև, Նարեկը բերանքսիվայր ընկած Գոհար Բարսեղյանի ականջներից հանելով` հափշտակել է ականջօղերը և հեռացել, որոնք հետագայում 28 հազար դրամով վաճառել: