Շենքի բակում ոստիկանության ջոկի հրամանատարը ծեծի է ենթարկել վեճի մասնակիցներին. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով քննված քրեական գործ:
Քրեական գործերից մեկով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 27.10.2017թ.-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որոնց շարքում եղել է նաև ՀՀ ոստիկանության ջոկի հրամանատար Գ. Ս.-ն: Վերջինս տևական ժամանակ հայհոյանքներ է տվել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել վիճաբանության մասնակիցներին:
Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից խուլիգանություն կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուստի վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար: