Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանությունից անցավ 3 տարի
2015 թվականի հունվարի 12-ին ՀՀ Գյումրի քաղաքում տեղի ունեցավ ողբերգական իրադարձություն, որը ցնցեց ողջ Հայաստանը: Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պավլի Պերմյակովը սպանել էր մի ողջ ընտանիքի:
Սերյոժա Կարապետի Ավետիսյան (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),
Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյան (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),
Արմեն Սերյոժայի Ավետիսյան (1981 թ․ ծնված, նրանց որդին),
Արաքս Անդրանիկի Ավետիսյան (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),
Աիդա Սերյոժայի Ավետիսյան (1979 թ․ ծնված, դուստրը),
Հասմիկ Արմենի Ավետիսյան (2013 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։
Ընտանիքի յոթերորդ անդամին՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանին, Պերմյակովը հասցրել էր դանակի հարվածներ: Երեխան տեղափոխվել էր հիվանդանոց ծանր վիճակում: Նրա կյանքի համար պայքարում էին Հայաստանի և Ռուսաստանի լավագույն բժիշկները, սակայն փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին փոքրիկը մահացավ: Հանցագործը հայտնաբերվել էր հայ-թուրքական սահմանի մոտ' Բայանդուր գյուղի հատվածում:
Տեղի ունեցած ողբերգությանը հետևեց ամբողջ Գյումրիի բնակչության ոտքի կանգնելը: Վերջիններս հանդես եկան բողոքի ակցիաներով՝ պահանջելով Պերմյակովի գործը հանձնել ՀՀ-ին: Բողոքի ակցիաներ ընթացան նաև Երևանում՝ ՌԴ դեսպանատան մոտ:
Հայաստանի տարբեր քաղաքներում, ԱՄՆ-ում և Եվրոպայի տարբեր երկրներում գտնվող մեր հայրենակիցներն ակցիաներ կազմակերպեցին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով անմեղ զոհերի հիշատակին: