Ադրբեջանի նախագահի կողմից Արցախյան խնդրի մասին խոսելը և դա նույնացնելը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ առնչություն չունի. Շարմազանով
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին այս մասին ասաց կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը, թե արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության շրջանակում, հայտնել է, որ Արցախն արդեն շուրջ 26 տարի է՝ անկախ հանրապետություն է: Դե յուրե Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի խնդիր է:
«Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, ուստի Ադրբեջանի նախագահի կողմից Արցախյան խնդրի մասին խոսելը և դա նույնացնելը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ առնչություն չունի»,-ասաց Շարմազանովը:
Նա նաև հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահությունը, որը միակ մասնագիտական կառույցն է, որ զբաղվում է այդ հակամարտությամբ, նշել է երեք սկզբունք՝ բացի տարածքային ամբողջականությունից՝ ինքնորոշման իրավունքի իրացման և խաղաղ կարգավորման սկզբունքը:
«Եթե տարածքային ամբողջականության կարգավորման շրջանակում լիներ, ապա ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքն ինչ գործ ուներ: Մենք էլ ասում ենք՝ Արցախը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի մաս, Արցախի ճակատագիրը որոշել է Արցախի ժողովուրդը՝ հանրաքվեով, և մեր սուրբ պարտականությունն է պաշտպանել Արցախի քաղաքացիների ինքնորոշման աստվածատուր իրավունքն՝ մինչև լիակատար անկախություն: Երբ պարոն Ալիևն ասում է՝ միջազգային հանրությունը չի ճանաչել հանրաքվեն, մենք չենք ճանաչում 1991 –ին տեղի ունեցած հանրաքվեն, ես ակամայից հիշում եմ Խորհրդային Միությունը, որը չէր ճանաչում ԽՄ, մերձբալթյան երկրներում անցկացված հանրաքվեները: Նույն սեպտեմբերի 21 –ին Կրեմլը չէր ճանաչում ՀՀ անկախությունը, հիմա ո՞ւր է Խորհրդային միությունը, չկա, իսկ անկախ պետությունները կան։ Այնպես որ, Արցախը մի օր համալրելու է Հայաստանի, էստոնիայի, նախկին խորհրդային պետությունների հետ միասին ՄԱԿ-ի լիարժեք անդամների թիվը»,-ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով 2018 թվականի սպասելիքներին` Շարմազանովը նշեց, որ միակ ակնկալիքը խաղաղ կարգավորման և խաղաղ բանակցությունների միջոցով արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը հասնելն է:
Խոսելով արդեն անցած՝ 2017–ին արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրվածի մասին` Էդուարդ Շարմազանովը նշեց. «2017 –ին մենք լուրջ առաջընթաց տեսել ենք, և ասվածի ամենաառաջին ցուցիչը լայնամասշտաբ պատերազմի բացակայությունն էր, զոհերի քանակի նվազումն է: Իհարկե, մեր ցանկությունները շատ ավելի մեծ են, որ երբեք որևէ զինվոր չզոհվի, որևէ կրակոց շփման գծում չլինի : Դրա համար մենք պետք է մի կողմից հզորացնենք մեր անվտանգության համակարգը՝ մեր բանակը, մյուս կողմից զարգացնենք տնտեսությունը և պառլամենտական դիվանագիտությունը»,-ասաց նա: