Լոռու մարզում մոլեգնած ուժեղ քամու հետևանքները վերացված են
Լոռու մարզում հունվարի 10-ին մոլեգնած ուժեղ քամու հետեւանքներն արդեն իսկ վերացված են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը:
Լոռու մարզպետարանի տեղեկատվության վարչության բաժնի պետ Վահե Դոխոյանն էլ մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ Լոռու մարզում քամու ուժգնացման հետ կապված վնասը էական չափերի չի հասել: Քամու հետեւանքով չգործող գազատար խողովակ է վնասվել: Հոսանքալարերի հետ կապված մարզում մի քանի տեղեր վթարներ գրանցվել են, որոնք ժամեր անց վերացվել են»,-ասաց նա, հավելելով, որ մարզում այս պահին ամեն ինչ բնականոն հունի մեջ է:
Դոխոյանի խոսքով`եղել են թաղամասեր, որոնք հոսանքազրկվել են, նաեւ անջատվել է գազը բնակիչների ապահովության տեսանկյունից, բայց դա էլ ժամեր անց վերականգնվել է: «Կարող ենք ասել, որ քամու հետեւանքով անհարմարությունները մեկ-երկու ժամ են տեւել»,-ասաց նա:
Լրատվամիջոցները տեղեկատվություն էին հաղորդել, որ ուժեղ քամին Լոռու մարզում լուրջ ավերածությունների պատճառ է դարձել: Հոսանքազրկվել են Վանաձորի մի քանի թաղամասեր, գազատարի խողովակի վնասման պատճառով անջատվել է նաեւ գազամատակարարումը: