ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 2500 եվրո վճարել Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 2500 եվրո վճարել հայցվորին, որից 2000-ը՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 500-ը՝ որպես փոխհատուցում ծախսերի համար: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը:
Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ներկայացրել է 2007 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա:
Այն վերաբերում է փողերի լվացման գործով նախկին արտգործնախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» քաղաքական շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանին՝ կալանքի տակ պահելու հանգամանքին:
Արզումանյանը ձերբակալվել և կալանավորվել է 2007 թվականի մայիսին : Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել հանցանքի ծանրության և իրավապահներից թաքնվելու, արդարադատությանը խոչընդոտելու և կրկնահանցագործության վտանգի հիման վրա:
Ալեքսանդր Արզումանյանը ՄԻԵԴ-ում բողոքել է, որ դատարանը բավարար կերպով չի արդարացրել նրա կալանքի անհրաժեշտությունը և խախտվել են ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքները:
Հայցվորը պահանջել է 81.250 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, որը երաշխավորում է, որ ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: