Առանց թույլտվության հրավառություն կազմակերպելու դեպքում կտաուգանվեք 1 միլիոն դրամ
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը՝ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարել, որոնցով կխստացվի հրավառություն կազմակերպելու կարգը:
Առաջարկվում է առանց թույլտվության հրավառություն իրականացնողին տուգանել 1 միլիոն դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել: Նույնը տրամաբանությամբ առաջարկվում է նաև տուգանել աևտրային կամ ծառայություններ մատուցող այն կազմակերպություններին, որոնք կխախտեն օրենքով սահմանված հրավառություն իրականացնելու կարգը:
Նշված կազմակերպություններն առաջին անգամ խախտման համար կտուգանվեն 1 միլիոն դրամի չափով, իսկ նույն արարքը մեկ տարում երկրորդ անգամ կատարելու դեպքում՝ 2 միլիոն դրամի չափով: Այս տուգանքները կսահմանվեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: «Տեղական տուրքի և վճարների մասին» օրենքում էլ նոր հոդված կավելացվի, որի համաձայն՝ համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության իրականացնելու թույլտվության համար 50 000-300 000 դրամ վճար կսահմանվի: