ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել վաճառել պահուստային ֆոնդի թանկարժեք իրերը
Կառավարությունը հունվարի 11-ի նիստում հավանության է արժանացրել պահուստային ֆոնդի թանկարժեք իրերի օտարման միջոցառումների 2018-2021 թթ․ ծրագիրը։
Որոշման նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Ծրագիրը կիրականացնի ««Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը: Նախարարի խոսքով՝ 1996 թվականից ի վեր թանկարժեք քարերն ու պետական գանձերը չեն օտարվել, ինչի արդյունքում կուտակվել են բավականին մեծ քանակությամբ զարդեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը և արժեքը: «Բացի այդ, այս ապրանքները պահելը չափազանց թանկ է:Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել հանրային աճուրդներ կազմակերպել պահուստային ֆոնդի չամրացված պահուստները վաճառելու նպատակով»,-նշել է նա։
Նախարարը հավելել է, որ եթե թանկարժեք իրերը չվաճառվեն սահմանված գնով, ապա դրանց արժեքը կարող է նվազել, սակայն միջազգային գներից ոչ պակաս: Վարդան Արամյանը նաև նշել է, որ հանրությունը պարբերաբար կտեղեկացվի այդ աճուրդների անցկացման և դրանց արդյունքների մասին:
Ծրագրի իրականացման արդյունքում Պետական գանձարանը կստանա բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ, որոնք ժամանակի ընթացքում չեն կորցնում իրենց արժեքը: