Ոստիկանությունն իր գործառույթները կատարել է լիարժեք. Աշոտ Ահարոնյան
Արարատի մարզի Շահումյան գյուղում այսօր տեղի ունեցավ Երևանի կենտրոնում երկու օր առաջ ավտովթարի հետևանքով զոհված ոստիկանության սպա Խաչիկ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը: «Ազատությանը» հաջողվեց զրույցել Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ:
Դիտարկմանը, թե զոհված ոստիկանության սպայի հարազատները համոզված չեն, որ մեղավորները կպատժվեն, Ահարոնյանը պատասխանեց․ - «Եթե խոսքը վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելուն, ապա հանրության մի մասի կարծիքն այն է, որ պետք է շատ խիստ պատժել, ազատությունից զրկել: Օրենքներն այսօր այդպիսին են: Եթե Դուք ԶԼՄ-ների մոնիտորինգ եք անում, կտեսնեք հաղորդագրությունը՝ ոստիկանությունը այսինչ խախտման համար բերման ենթարկեց, ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ այսինչ անձը ներկայացավ ոստիկանությունը: Այդտեղ ոստիկանության գործառույթները սպառվում են: Մնացած հարցերով ես չեմ կարող պատասխանել»:
Դիտարկմանը, որ եղբայրները ձերբակալվել, հետո ազատ են արձակվել, Ահարոնյանը պատասխանել է. « Ես իրավասու եմ պատասխանել միայն ոստիկանության գործողությունների համար: Դուք որ դեպքը ասեք, նայենք՝ կտեսնեք, որ ոստիկանությունը իր գործառույթները կատարել է լիարժեք»: