Տեսուչ Խաչիկ Գասպարյանը գյուղի «աշխարհաբեկն» էր, հունվարի 3-ին որդի է ունեցել, որին չտեսավ
Հունվարի 8-ի լուսադեմին Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին ոստիկանության ծառայողներ 28-ամյա Արեգ Դավթյանը և 33-ամյա Խաչիկ Գասպարյանը:
Այդ օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքում իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի և «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել էր, իսկ ուղևոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել էր հիվանդանոց և մի քանի ժամ անց մահացել:
ՃՈ տեսուչ 28-ամյա Արեգ Դավթյանը Երևան քաղաքի բնակիչ էր, ամուսնացած էր և ուներ անչափահաս երեխա: Դավթյանը համակարգում աշխատել է 2013 թվականից, կոչումով՝ ավագ լեյտենանտ: Նրա հոգեհանգստի արարողությունն այսօր է:
33-ամյա Խաչիկ Գասպարյանն Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ էր: Վերջինս կոչումով լեյտենանտ էր
Շահումյանի գյուղապետարանի աշխատակիցը մեր զրույցում ասաց, որ Գասպարյանը նոր էր ամուսնացել, հունվարի 3-ին որդի էր ունեցել. «Երևի չի հասցրել անգամ որդուն տեսնել, մեր գյուղի ամենապարզ, բարի, խելոք տղան էր: Այնքան բոյով էր, որ նրան ասում էինք մեր գյուղի Աշխարհաբեկ»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ Խաչիկ Գասպարյանի հայրը նույնպես աշխատել է Ճանապարհային ոստիկանությունում: ՃՈ տեսուչը երկու քույր ուներ:
Մանրամասները՝ այստեղ: