Հայ գեղասահորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամները պատրաստվում են Եվրոպայի 2018 թ. առաջնությանը: Հայաստանն են ներկայացնելու մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Գարաբեդյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Միջազգային մրցումներում սովորաբար Հայաստանը մասնակից էր ունենում նաև կանանց մենասահքում՝ ի դեմս Անաստասիա Գալուստյանի: Մարզուհին, սակայն, 2017-ի վերջին հայտնեց, որ որոշել է ժամանակավոր դադար վերցնել ու մրցումների չմասնակցել:
Եվրոպայի 2018 թ. առաջնությունը տեղի է ունենալու Մոսկվայում: Մեկնարկելու է հունվարի 15-ին և ավարտվելու է ավարտվելու է 21-ին:
Եվրոպայի առաջնությունից հետո հնարավոր է՝ Թինա Գարաբեդյան-Սիմոն Սենեկալ զույգը, ինչպես նաև Անաստասիա Գալուստյանը փետրվարի 9-25-ը Փհենչհանում կայանալիք 2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստանան:
2017 թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Գերմանիայում կայացած վարկանիշային մրցաշարում նրանք չկարողացան ուղեգրեր ձեռք բերել, սակայն 1-ին պահեստային դարձան, և եթե պարային զույգերից կամ կին մենասահորդներից որևէ մեկը չմասնակցի, այդ իրավունքը կհանձնվի ՀՀ մասնակիցներին: