«Ճըվճըվ Արոյի» որդու քրեական անցյալը. թմրանյութերից մինչև մահվան ելքով ավտովթար
Հունվարի 8-ի գիշերը, 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում BMWX-6 ավտոմեքենայի վարորդ Սարգիս Վարդանյանը բախվել էր ոստիկանության ավտոմեքենային, ինչի արդյունքում 2 ոստիկան էին մահացել: BMW-ի վարորդը` հանցագործ աշխարհում հայտնի, Երևանի ավագանու նախկին անդամ «Ճըվճըվ Արոյի» (Արա Վարդանյան) որդին է:
Operativ.am-ը Datalex Դատական տեղեկատվան համակարգից տեցեկանում է, որ Սարգիս Վարդանյանը մի քանի անգամ ևս կանգնել է դատարանի առաջ:
Վերջին անգամ նա դատարանի առջև էր կանգնել 2017-ի սկզբին՝ մեկ տարի առաջ կարաոկե ակումբում ծեծկռտուքի և հասարական կարգի խախտման համար:
01.01.2016թ. հասարակական վայր հանդիսացող «Վեյվ» կարաոկե ակումբում, չնչին առիթն օգտագործելով, Անդրանիկ Շահինյանի հետ միմյանց հասցեին հայհոյանքներ հնչեցնելու պատճառով, հասարակական կարգը բռնությամբ զուգորդված կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված,հնչեցրել են հայհոյանքներ, բղավել, միմյանց քաշքշել, հասցրել փոխադարձ հարվածներ` խաթարելով ակումբի բնականոն գործունեությունը:
Նա ընդունել էր իր մեղքը և արագացված քննությունից հետո նրան տուգանք էր նշանակվել՝ 500 հազար դրամ:
Ավելի վաղ՝ 2013թ-ին, նա ոստիկանությունում էր հայտնվել թմրանյութեր պահել և օգտագործելու համար:
Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի` իր գործածման համար ապօրինի ձեռք է բերել և ընկերոձ` Նարեկ Չախոյանի կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի 008 ՈՈ 02 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահում պահել է զգալի չափի` 0.51 գրամ «չորացված մարիխուաննա» տեսակի թմրամիջոց, որը 2013թ. մարտի 15-ին հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցների կողմից` ավտոմեքենայի զննության ընթացքում:
Սարգիս Վարդանյանը դատապարտվել էր 2 ամսվա կալանքի, որը պայմանականորեն չի կիրառվել:
Սարգիս Վարդանյանի և նրա եղբոր անունները կապվում են նաև «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած դեպքի հետ, սակայն նրանք գործի ավարտին գործում ներգրավված էին ոչ թե որպես մեղադրյալ, այլ որպես վկա: