Արդյո՞ք կվերադառնա վարչապետը, թե հունվարի 15-ին կհայտարարի իր հրաժարականի մասին
Տոնական օրերից հետո վարչապետի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Կարեն Կարապետյանը կարճատև արձակուրդ է գնում՝ հունվարի 8-ից 12-ը և այն անցկացնելու է արտերկրում:
Եթե վարչապետի արձակուրդին գումարենք հունվարի 13-ի և 14-ի հանգստյան օրերը ստացվում է, որ վարչապետը արձակուրդ է գնում 5 օրով, բայց հանգստի մեջ գտնվում փաստացի 7 օր: Սա այն դեպքում, երբ վարչապետը հայտարարել էր. «Մենք այդ շքեղությունը չունենք, որ մինչև հունվարի 8-ը հանգստանանք ու հետո լավ ապրենք»: Սակայն ինչպես երևում է վարչապետը ոչ միայն հանգստացավ մինչև հունվարի 8-ը, այլ նաև հունվարի 8-14-ը:
Ստացվում է՝ արձակուրդ արձակուրդից հետո՞: Կարեն Կարապետյանը վերջին ժամանակները չի թաքցնում իր հավակնությունները՝ 2018-ի ապրիլից հետո շարունակել պաշտոնավարումը: Հետաքրքիր է, թե ինչի համար էր պետք նման քաղաքական «թայմ աութ»-ը Կարապետյանին և արտերկիր մեկնելով դեպի ո՞ւր է ուղղված նրա հայացքը, որտեղի՞ց է Կարապետյանը սպասում օգնության ձեռքի: Նման քայլով նա փորձում է շանտաժի՞ ենթարկել Սերժ Սարգսյանին:
Վարչապետի երկու հավանական թեկնածուների միջև ներքին պայքարի սրվելը պատճառ կարող է դառնալ, որ արձակուրդից վերադառնալուց հետո՝ հունվարի 15-ին, վարչապետը հայտարարի իր հրաժարականի մասին, սակայն սա կլինի միայն այն դեպքում, եթե վարչապետի մշակած ծրագրերից ոչ մեկը չաշխատի և նա՝ իր և Սերժ Սարգսյանի միջև տեղի ունեցած խոսակցությունից հետևություններ անելով՝ կատարի քաղաքական որոշիչ քայլ:
Հիշեցնենք, որ վարչապետը նախորդ անգամ արձակուրդ էր գնացել 3 օրով՝ օգոստոսի 15-17-ը և այն անցկացրել էր Արցախում, իսկ նրա արձակուրդին չէր նախորդել կամ հաջորդել հանգստյան օրերը: