«Ցիգանները ծեծել են ռուսին, ռուսն էլ եկել ու կրակել է». մանրամասներ՝ Կրասնոդարի «Օգոնյոկ» սրճարանում հայերի սպանությունից
ՌԴ-ի Կրասնոդարի երկրամասում ավտոմատով զինված տղամարդը կրակ է բացել Լադոժսկայա կայարանի «Օգոնյոկ» սրճարանում, ինչի հետևանքով սպանվել է տեղի հայ համայնքի երկու անդամ՝ Ռոման Սիրակոսյանը և Արտյոմ Միրզոյանը:
Միջադեպի հետևանքով սպանվել է նաև գնչուական համայնքի մեկ ներկայացուցիչ: Կրակ բացած տղամարդը ձերբակալվել է։ Նա 33-ամյա կազակ ատաման Ալեքսանդր Սիտավիչուսն է: Սպանության պատճառների բացահայտման համար կատարվում է նախաքննություն:
«Առաջին լրատվական»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել կատարվածից։ Մասնավորապես, որ սկզբում սրճարանում վիճաբանություն է սկսվել ռուսների և գնչուների միջև, ովքեր տարբեր սեղանների շուրջ են նստած եղել։ Նախնական տեղեկություններով՝ վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ սրճարանում ներկա մի աղջկա անպարկեշտ ռեպլիկ է արվել։ Ապա դրա շուրջ վիճաբանություն է եղել, որը վերաճել է ծեծկռտուքի, որի հետևանքով ռուսները գնչուների կողմից ծեծի են ենթարկվել։ Դրանից հետո դուրս են եկել սրճարանից օգնություն բերելու և վերադարձել են կեսգիշերին, երբ սրճարանում գրեթե մարդ չի եղել։
Կրասնոդարի հայ համայնքի գործերի համակարգող Ալեքսեյ Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հայերը կապ չեն ունեցել վիճաբանության հետ։ Սպանված հայերից մեկը պարզապես այդ սրճարանում դիջեյ է աշխատել, իսկ մյուսը պարզապես այցելու է եղել և որևէ կերպ մասնակից չի եղել կռվին։ «Կռիվը սկսվել է կեսգիշերին, բայց սրճարան եկել ու կրակել են արդեն գիշերը՝ ժամը 2-ին։ Այդ ծեծվածը, որը ռուս է եղել, գնացել է իր բարեկամներին, ընկերներին ասել է, որոնք հավաքվել, եկել են ու սկսել են կրակել»,- պատմեց Ալեքսեյ Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ այստեղ: