Մովսես Հակոբյանը ներկայացրել է մեկնարկած զորակոչի նորամուծությունները
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը ներկայացրեց 2018թ. ձմեռային զորակոչի նորամուծությունները: Կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ անցած տարվանից ուժի մեջ է մտել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով որոշակի փոփոխություններ են մտցվել զինվորական ծառայության մեջ:
«Ներդրվել է «Ես եմ» ծրագիրը, որը զինծառայողներին թույլ է տալիս կամավորական սկզբունքներով պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ և իր ծառայությունը իրականացնել այդ ծրագրի շրջանակներում: Հանվել է բնակավայրից 50 կիլոմետր հեռու ծառայելու վերաբերյալ արգելքը, և ցանկացած զինծառայող վիճակահանության արդյունքներով զորակոչվել և ծառայել իր բնակավայրին մոտ գտնվող զորամասում: Հանվել է արտոնություններից օգտվող զինծառայողների համար բնակավայրից մինչև 50 կիլոմետր ծառայելու արտոնությունը և դրա փոխարեն մտցվել է արտոնություն, որ այդ զինծառայողները ծառայելու են մարտական հերթապահություն չիրականացնող զորամասերում»,- նշեց Հակոբյանը:
Որոշ փոփոխություններ են կատարվել նաև զորակոչիկների սննդի կազմակերպման հետ կապված: «Զորակոչիկները իրենց ծառայության վայրեր մեկնելու ընթացքում ոչ թե զինվորական օրապահիկ են ստանալու, ինչը որոշակի դժվարություններ է առաջացնում ճանապարհին սնվելու առումով, այլ պատրաստի սնունդ են ստանալու, ինչն ավելի հեշտացնելու է ճանապարհին սնվելը»,- մանրամասնեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:
Հայաստանում հունվարի 8-ին մեկնարկել է 2018թ. ձմեռային զորակոչը: Զորակոչի առաջին օրը կենտրոնական զինվորական հավաքակայանում զորակոչիկներին խորհուրդներ տվեցին և քաջալերեցին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Մովսես Հակոբյանը: