Իջևանում ապօրինի որսի ժամանակ 22-ամյա տղամարդը սպանել է խնամուն
Իջևանում այսօր՝ հունվարի 6-ին, 55-ամյա տղամարդ է սպանվել: Ժամը 12:30-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:
Պարզվել է, որ մահացածը Իջևանի բնակիչ 55-ամյա Կառլեն Մարկոսյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել Իջևանում հայտնի Աղայա սարամասից: Իրավապահները պարզել են, որ նրան մահացու հրազենային վնասվածքը պատճառել Իջևան քաղաքի Անկախության փոխոցի բնակիչ 22-ամյա Սեյրան Մատինյանը:
Նախնական տվյալներով՝ նրանք ապօրինի որս են արել: Սեյրան Մատինյանը մահացածի եղբոր խնամու տղան է, նա ինքնակամ ներկայացել է Իջևանի ոստիկանություն և ներկայացրել նաև հանցագործության գործիք «ԻԺ-26» տիպի երկփողանի որսորդական հրացանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, հետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային և այլն: