Մայր Աթոռում մատուցվեց հայրապետական Սուրբ Պատարագ. Ջրօրհնեքի խաչքավորը նախարար Վիգեն Սարգսյանն էր (լուսանկարներ)
Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և փրկչական Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնի Մայր տաճարում մատուցվեց հայրապետական Սուրբ Պատարագ:
Արարողությանը ներկա էին պետական բարձրաստիճան այրեր, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Հայ Եկեղեցու բարերարներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ, կրթական, գիտական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս տարի Հայրապետական ամպհովանին թափորի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավերևում պահում էին սարկավագ-գնդերեցներ, ովքեր ամենօրյա հոգևոր ծառայություն են մատուցում և պատրաստ են սպառնացող վտանգի դեպքում պաշտպանել հայրենիքը:
Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց համայն հայությանը` ամենքին փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» հրեշտակաբարբառ ավետիսը` ստանալով հավատավորների պատասխանը՝ «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի», «Մեզ և Ձեզ մեծ ավետիս»։
Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարեց նաև Ջրօրհնեքի արարողություն: Այս տարի Մայր Տաճարում Ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։