Մահացել է բոլոր ժամանակների ամենահայտնի և ամենատիտղոսակիր հայ բասկետբոլիստը
87 տարեկանում մահացել է բոլոր ժամանակների ամենահայտնի և ամենատիտղոսակիր հայ բասկետբոլիստ Արմենակ Ալաչաչյանը, որը վերջին տարիներին բնակվում էր Կանադայում, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Արմենակ Ալաչաչյանը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 25-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1947 թվականին տեղափոխվել է Երևան և սկսել է հանդես գալ ՖԻՄԱ-ի կազմում: 1954 թվականին տեղափոխվել է ղազախական «Բուրևեստնիկ», իսկ 1958 թվականից սկսել է ելույթ ունենալ Մոսկվայի ԲԿՄԱ-ում:
1953, 1961, 1963 և 1965 թվականներին Արմենակ Ալաչաչյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1964-ին՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Ընդգրկվել է Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի «Փառքի սրահում»։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցում է լեգենդար բասկետբոլիստի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին: