Լևոն Արոնյանը դուրս է մնացել ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն եռյակից
Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքում հրապարակվել է շախմատիստների դասակարգման թարմացված աղյուսակը, որի լավագույն տասնյակում զգալի վերադասավորումներ են տեղի ունեցել: Երեք ամիս շարունակ դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է մնացել լավագույն եռյակից՝ 2797 վարկանիշային միավորով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Նախորդ ամսվա համեմատ՝ նրա միավորները նվազել են 8-ով:
Արոնյանի նահանջի պատճառը դեկտեմբերի 1-11-ը կայացած London Chess Classic սուպերմրցաշարում ցուցադրած անհաջող ելույթներն են: Նա 10 գրոսմայստերների պայքարում 4 միավորով զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը:
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանի փոխարեն երկրորդ հորիզոնականում հայտնվել է ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր, London Chess Classic-ի հաղթող Ֆաբիանո Կարուանան: Իտալական արմատներով շախմատիստի վարկանիշային միավորները նախորդ ամսվա համեմատ ավելացել են 12-ով՝ կազմելով 2811: Դասակարգման աղյուսակի անփոփոխ առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է (2834), իսկ լավագույն եռյակը, ինչպես և նախորդ ամիս, եզրափակում է ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը, ով հասել է իր կարիերայի ընթացքում լավագույն ցուցանիշին՝ 2804 վարկանիշային միավոր: