Էդվարդ Նալբանդյանն այցելել է ԶՈւ զորամաս (տեսանյութ)
Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս:
Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը զինվորականներին մաղթեց առողջություն, տոկունություն, խաղաղ երկինք եւ անփորձանք ծառայություն:
Զինվորականների հետ զրույցի ընթացքում արտգործնախարարը խոսեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի մասին եւ պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
Դիմելով զորամասի սպայական կազմին եւ զինվորներին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ծառայելով տարածաշրջանի ամենակայացած եւ մարտունակ բանակում՝ նրանք իրենց անգնահատելի ավանդն են բերում Հայաստանի անվտանգության եւ խաղաղության ապահովման գործում: