Անցած 11 ամիսներին գրանցվել է ավազակության 37 դեպք
Անցած 11 ամիսներին գրանցվել է ավազակության 37 դեպք, որը նախորդ տարվա համեմատ պակաս է 14-ով կամ 27,5%-ով և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության 763 դեպք, որը 2016թ. համեմատ պակաս է 394-ով կամ 34,1%-ով: Այդ մասին ասվում է գլխավոր դատախազության հաշվետվության մեջ։
Բարելավվել է նաև այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: 2016թ. 11 ամիսների ընթացքում արձանագրված ավազակության 51 դեպքերից նույն ժամանակահատվածում բացահայտվել են 29-ը կամ 55,7%-ը: Մինչդեռ այս տարվա նույն ընթացքում արձանագրված ավազակության 37 դեպքից բացահայտվել են 27-ը կամ 72,9%-ը: Իսկ 2017թ. 11 ամիսների բնակարանային գողությունների 763 դեպքից նույն ժամանակահատվածում բացահայտվել է 237-ը կամ 31%-ը, այն պարագայում, երբ նախորդ տարի 1157 դեպքից բացահայտվել է 352-ը կամ 30,4%-ը:
Իսկ ահա լատենտայնության բարձր ցուցանիշ ունեցող հանցատեսակներով արձանագրվել է հանցագործությունների թվի անհամեմատ աճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 73 դեպքով կամ 117%-ով (2016թ.՝ 62, 2017թ.՝ 135) աճել են կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը: