ԼՂ հիմնահարցի հանդեպ միջազգային հանրությունը և ՀՀ համակարծիք են. Սերժ Սարգսյան
ԱԳՆ-ում տարեվերջյան միջոցառման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանըհայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը մնում է մեր արտաքին և անվտանգության քաղաքականության օրակարգի առաջնագծում:
«Անկախ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթացի բացակայությունից՝ մենք կարող ենք արձանագրել, որ շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն և ձեռք բերվեց պայմանավորվածություն լարվածության թուլացման վերաբերյալ»,- նշել է նախագահը։
Նրա խոսքով, այս հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով։ «Դա լավագույնս արտահայտված է թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների, թե՛ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովի հայտարարություններում, թե՛ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում»,- ասել է նա: